Քահանա Դմիտրի ԴՈՒԴԿՈ
(24 փետր. 1922 - 28 հունվ. 2004)
Քրիստոնեության մեջ հարկավոր է տարբերել օրենքն ու շնորհը։ Մարդիկ սովոր են վկայակոչել օրենքը։ Իբր, եթե կատարում ես օրենքը, ապա ամեն ինչ կարգին է։ Օրենքը, սակայն, կարող է միայն ցույց տալ, թե որն է մեղքը, բայց ուժ չունի իր մեջ, որ հետ պահի մեղք գործելուց։
Իսկ ո՞վ կարող է կատարել օրենքը։ Բոլորս հաճախ օրենք խախտողներ ենք` և՛ նա, ով նրա պահապանն է, և՛ նա, ով կատարողը։ Դա, իհարկե, նշանակում է, որ պետք է արհամարհել օրենքը, բայց հարկավոր է հիշել, որ մենք փրկվում ենք ոչ օրենքով։ Դեռ ավելին, Առաքյալն ասում է` օրենքի գործերով չի փրկվի ոչ մի մարմին։ Բայց կյանքում, ինչպես մի ժամանակ, այնպես էլ հիմա, կան օրինամոլներ, ու նրանք հատկապես համառորեն պահանջում են կատարել օրենքները, նույնիսկ, ինչպես ասում են` օրենքի տառը։ Եվ ահա այդպիսի օրինամոլներից մեկը դիմում է Քրիստոսին.
-ՈՒսուցի՛չ, ի՞նչ անեմ ես, որ ժառանգեմ հավիտենական կյանքը։
Ըստ երևույթին, նա վստահ չէր, որ օրենքի կատարումը բավական է հավերժ կյանք ժառանգելու համար, ուստի իր այդ հարցով դիմեց Քրիստոսին։ Քրիստոսը նրան պատասխանեց. «Ի՞նչ է գրված օրենքում»։ Օրինամոլը, թե. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով. և պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը»։
Թվում է, էլ ի՞նչ կարելի է ավելացնել սրան, ամեն ինչ ճիշտ է։
Եվ Քրիստոսն ասաց նրան. «Դու ճիշտ պատասխանեցիր, վարվիր այդպես ու կապրես»։
Բայց մի բան է ասել, ուրիշ բան է` կատարել։ Եվ զանազան օրինամոլներ ձգտում են ինչ-որ ձևով խուսափել, ինչ-որ բանով արդարանալ։ Աստծո մասին, քանի դա հավատքի առարկա է, կարծես թե, անհամաձայնություն չկա։ Աստծուն հարկավոր է սիրել ամբողջ սրտով և ամբողջ հոգով, բայց ինչպե՞ս ստուգել դա։ Հավատքը, ինչպես հիմա ասում են, խղճի գործ է, ու Աստված անտեսանելի է։ Իսկ մեր մերձավորը տեսանելի է, ու այստեղ ոչ միայն պարզապես հավատք է պետք, անհրաժեշտ են և գործերը։ Ոչ վերացական, այլ կոնկրետ։ Ավելին, մերձավորին սիրելով ստուգվում է և սերը Աստծու նկատմամբ։
Քանի որ մենք ապրում ենք այս աշխարհում, ոչ միայն հոգևոր, այլև նյութական, ապա դա պետք է լինի ոչ միայն հոգեպես, այլև նյութապես շոշափելի։
Կասես` սիրում եմ Աստծուն, իսկ ինչպե՞ս ստուգել այդ սերը։
Մարդը հաճախում է տաճար, աղոթում է, թվում է, թե բարեպաշտ է, բայց այդպիսի քանի՜ բարեպաշտներ տանել չեն կարողանում իրենց մերձավորներին։ Ինչքա՜ն խարդավանք, կեղծիք, ատելություն կա։ Թվում է` Աստծուն սիրելով։
Հովհաննես Աստվածաբան առաքյալն ասում է. «Դու ասում ես, որ սիրում ես Աստծուն, ՈՒմ չես տեսնում, իսկ ինչո՞ւ ես ատում մերձավորիդ, ում տեսնում ես։ Եվ սերը քո, պարզվում է, սուտ է»։ Այդ իրողությունը լավ է ներկայացնում Քրիստոսը` ավազակի (այսինքն` մի մարդու, ով ընկել է փորձանքի մեջ) օրինակով։ Հաճախ մենք ևս հարցադրում ենք` իսկ ո՞վ է իմ մերձավորը։ Մի՞թե կարելի է սիրել այն հարևանուհուն, որն ամեն օր դավեր է նյութում իմ դեմ։ Մի՞թե կարելի է սիրել հարբեցողին, ով ամեն ինչ խմիչքին է տվել, բոլորի վզին բեռ դարձել։ Մի՞թե կարելի է սիրել մի մարդու, ով մեր կրոնից չէ։ Մի՞թե կարելի է սիրել մի մարդու, ով ընդհանրապես չի հավատում Աստծուն։ Ինչքա՜ն հաճախ ենք մենք թշնամություն անում։ Արդյոք կարո՞ղ են այդպիսի մարդիկ լինել մեր մերձավորները։ ՈՒրիշի մեղքերը թվարկելով մենք այնքան ենք հափշտակված, որ մոռանում ենք` մեզ հարկավոր է սիրել ոչ միայն մեր մերձավորներին, այլև մեր թշնամիներին։
Իսկ ո՞վ է իմ մերձավորը` ահա հարցը, որը մենք տալիս ենք մեր օրինամոլական բուռն ձգտումի մեջ։ Ինչպես ասված է Ավետարանում, այդպիսի հարց դնելով ցանկանում ենք արդարացնել ինքներս մեզ։ Իսկ ո՞վ է իմ մերձավորը։ Ես, իբր թե, մերձավորներին, որոնք լավն են, բոլորին սիրում եմ։ Կարելի է դնել և այդպիսի հարց. իսկ ո՞վ է իմ թշնամին։ Իբր, անձնական թշնամիներին ես բոլորին սիրում եմ։ Երբ ինձ նեղացնում են, ես ներում եմ, բայց, իբր թե, ուրիշ հավատքի մեկին, որն Աստծո թշնամին է, ինչպե՞ս ներել։ Խորամանկ խիղճը միշտ հարցեր կտա։ Նենգ խիղճը կհուշի, որ ոչ ամեն ոք կարող է լինել իմ մերձավորը։ Կարծես ո՛չ ամեն ոք է ստեղծված Աստծո պատկերով և նմանությամբ։ Այստեղից էլ նաև մեր ազգային խտրությունները։ Այս ազգության մարդուն ես կարող եմ սիրել, իսկ այն` ոչ։ Եվ կբերի մի կույտ արդարացում, մինչև իսկ իբր թե հիմնավորված։ Ըստ օրենքի, սկսում են ատել ուրիշին։ Այնինչ բոլոր օրենքներն ու նույնիսկ մարգարեները պահպանվում են սիրով։ Չկա սեր, ու օրենքը տառացիորեն կատարելու քո ամբողջ ճիգերը ոչինչ չեն տալիս։ Եթե դու չես սիրում մարդուն, ով քո կողքին է, ում դու տեսնում ես ամեն օր, ապա ինչքան էլ քեզ ջարդես, թե իբր սիրում ես Աստծուն և մարդկությանը, քո մեջ սեր չկա, սուտ է քո սերը, դու խորամանկում ես։ Քրիստոսը կոնկրետ օրինակով (կապված սամարացու հետ) ցույց տվեց, թե ինչ է նշանակում սերը մարդու նկատմամբ։
Հարկավոր է որոշակի տեղեկություն տալ հրեաների և սամարացիների մասին։ Հրեաներն ունեին ամբողջ օրենքը, ամբողջ Աստվածաշունչը, իսկ սամարացիք ընդունում էին միայն Հնգամատյանը` Մովսեսի օրենքը, և, բացի դրանից, հիմնականում բաղկացած էին հեթանոսներից։ Այդ պատճառով հրեաները սամարացիների հետ չէին շփվում հավատքի հողի վրա։ Դիմենք այն առակին, որը Քրիստոսը պատմեց օրինամոլին։ Մի մարդ գնում էր Երուսաղեմից Երիքով և ընկնում է ավազակների ձեռքը, որոնք նրա հագից հանում են զգեստը, վիրավորում, վերք հասցնում և հեռանում, թողնելով նրան հազիվ կենդանի։ Ահա եթե մենք պատկերացնենք, թե ինչ-որ տեղ պառկած է մի մարդ` ծեծված, հազիվ կենդանի, ապա պատրա՞ստ ենք օգնելու նրան։ Երբ, ենթադրենք, կարդում ենք մարդու տառապանքի մասին, մենք կարող ենք նույնիսկ արտասվել, խղճալ նրան, սիրտը մեր իբր թե նույնիսկ բարի է։ Բայց մեր այդ ամբողջ սերը գրքային է։ Դառնանք դեպի կյանք ու տեսնենք, թե ինչ է կատարվում իրականում։ Ահա գանահարված մարդու կողքով անցնում է քահանան ու, տեսնելով նրան, անցնում է, առանց կանգնելու։ ՈՒրիշներին, հնարավոր է, սովորեցնում է, որ չի կարելի անուշադրության մատնել տուժածին, իսկ ինքն անցնում-գնում է, իբր թե չնկատեց էլ։ Այո, իրոք, նկատելը դժվար է։ Կյանքը գեղարվեստական հնարովի պատմություն չէ կամ կինոնկար։ Կյանքն այն է, ինչն անհրաժեշտ է զննել ու հասկանալ։ Ավազակների կողմից ծեծվածն ախր միշտ գեղարվեստորեն պառկած չէ մեր աչքի առաջ և կարեկցանք է առաջացնում։ Ծեծվածը և հարբեցող է` իր շուրջը փսխոտած է։ Ինչպե՞ս մոտենալ։ Իսկ երևակայել, թե ինչն է դրդում մարդկանց գինեմոլության, հասկանալ պատճառը` ահա հենց այստեղ մենք կորցնում ենք տեսողությունը։ Չենք տեսնում, չենք ցանկանում տեսնել։ Իսկ գուցե մենք ինքներս ենք մեղավոր, որ նա սկսել է խմել։ Դատելը հեշտ է, հասկանալն է դժվար, իսկ հասկանալ հենց նշանակում է նկատել ծեծված մարդուն։ Իսկ լինում է և այնպես, որ ծեծվածը քայլում է ոտքերի վրա, արյուն չի թափվում նրա վերքերից, նույնիսկ կարող է` նա ժպտում է, իսկ իրականում տառապում է բոլորից շատ։ Պետք է մի քիչ ուշադիր նայել նրա ժպիտին` ինչքան դառնակսկիծ է այն, իսկ մենք դա չենք նկատում, այլ տեսնում ենք միայն, որ նա ժպտում է։
Ասում են, իսկական վիշտը լռակյաց է, չի գոռում, բայց մեր խնդիրն է նկատել այդ վիշտը և օգնել այդ մարդուն, ում ծեծել են ավազակները։
Անցնում է ղևտացին, նույնպես հոգևորականների դասից, միայն թե նրանք զբաղեցնում էին տաճարում ամենացածր պաշտոնները։ Այդ ղևտացին ավելի ուշադիր էր, քան քահանան, ինչպես ասվում է այսօրվա Ավետարանում, նա մոտեցավ, նույնիսկ նայեց, տեսավ, իհարկե, ինչպես է հոսում արյունը, բայց և, ինչպես քահանան անցավ-գնաց։ Բայց ահա անցնում է սամարացին, ում հետ այդ քահանան և ղևտացին չէին շփվում։ Որովհետև սամարացին մեղավոր է, իսկ իրենք` արդար։ Այդպիսի փարիսեցի քահանա և այդպիսի փարիսեցի ղևտացի կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը։ Ամեն մեկը, ով իրեն համարում է ինչ-որ առանձնահատուկ մեկը, այն էլ, երբ հենվում է օրենքների վրա։ Այդպիսի մարդիկ չեն սիրում կատարել օրենքը։ Խոսել օրենքի մասին կարող են, մինչև իսկ գեղեցիկ, իսկ կատարելու համար ուժը չի հերիքում։ Դա, իրոք, այդպես է, օրենքով չի արդարանա ոչ մի մարմին` շնորհ է պետք։ Իսկ շնորհը գալիս է միայն զղջալով։ Երբ գիտես սեփական մեղքերդ և չես դատում ուրիշին։ Սամարացին, մաքսավորը մարդիկ են, որոնց արհամարհում են։ Հարբեցողը կամ այն դժբախտ կինը, որն ինչ-որ բան է վերցրել ձեր ունեցվածքից, ի՜նչ մարդիկ են։ Այ, մենք ուրի՜շ բան ենք։ Գալիս ենք տաճար և վայրկենապես զբաղեցնում աչքի ընկնող տեղերը։ Մենք կարող ենք և ինչ-որ մարդկանց քշել տաճարից։ Իսկ երբ գործը հասնում է իսկական արարքին, մենք անցնում ենք կողքով։ Իսկ այն սամարացին, որևէ «աղանդավոր», կամ մինչև իսկ հարբեցողը, կարողանում են օգնել։ Մի կին, որն ուներ երկու տղա, պատմում էր ինձ։ Դրանցից մեկը հաջողակ էր, չէր ծխում, չէր խմում, կոպեկի վրա դողում էր, մյուսը խմում էր, ամեն ինչ հարբեցողությամբ վատնում։ Բայց երբ գալիս էր մոր անվանակոչության օրը, հարբեցողը միշտ շնորհավորում էր, իսկ մյուսը ժամանակ չուներ։ ՈՒ երբ մորը հարցնում էին` ո՞վ է քեզ ավելի մոտ` հարբեցո՞ղը, թե՞ այդ չխմողը, նա ախ քաշելով պատասխանում էր` հարբեցո՜ղը։
Եվ գուցե նա հաճախ ամենավատ բառերով նախատում էր այդ հարբեցողին։ Կյանքում դժվար է հասկանալ, որտեղ է իսկական մարդը։ Դա միայն սրտեր քննող Աստված գիտի։ Ահա Նա էլ երբեմն թույլ է տալիս այդպիսի դեպքեր, որոնք կարող են մեզ խելք սովորեցնել։
ՈՒրեմն, սամարացին, ինչ-որ մեկը, նույնիսկ անունը չի նշված, կանգնում է, տեսնում, խղճում, մոտենում է նրան, կապում վերքերը, դրանց վրա յուղ լցնելով և գինի, ու, նստեցնելով նրան սեփական էշի վրա, բերում հյուրանոց։ Եվ դա դեռ ամբողջը չէ։ Մյուս օրը նա գալիս է, տալիս երկու դինար հյուրանոցի տնօրենին և ասում. «Հոգ տար նրա մասին։ Եթե ավելի ծախսես, երբ վերադառնամ, կտամ մնացածը»։ Ավարտելով այս պատմությունը` Քրիստոսը հարցրեց. «Ո՞վ էր այս երեքից տուժածի հարազատը»։ Այս օրինակը փայլուն է, շատ տպավորիչ, որը դիմում է ուղիղ մեր խղճին։ Օրինամոլը հոգոց հանելով, ասաց. «Օգնություն ցույց տվողը»։ Եվ Հիսուսն ասաց. «Գնա՛ և դու էլ այդպես վարվիր»։ Քրիստոսը չդատապարտեց և այդ օրինապաշտին։
Քրիստոսը ոչ մեկին չի դատապարտում, Նա եկավ, որ փրկի կորածին։ Փրկե՛լ, օգնե՛լ` դա է մեր գործը։ ՈՒ երբ մենք տրամադրվենք այդպես, ապա, գնալով տաճարից ու տեսնելով թավալվող հարբեցողին, մոտենանք նրան, օգնենք և չփնտրենք օրինական ուղիներ` օրինակ, հանձնել նրան ոստիկանություն։ Եվ հանդիպելով աղանդավորին, չենք սկսի գլուխ գովել, որ ճշմարիտ հավատքի տեր ենք, այլ կասենք. եթե աղանդավորն օգնում է թշվառներին, ապա ես առավել ևս պարտավոր եմ օգնելու։ ՈՒ եթե մեկի հետ թշնամացած եմ, պիտի ջանք թափեմ հաշտվելու համար նրա հետ։ Թշնամություն անել մարդու հետ նշանակում է անցնել մերձավորի կողքով, ուրիշին համարել մեր սիրուն անարժան և թրև գալ` չափազանց տարված սեփական կարծիքով։ Ամեն ինչ ստուգվում է կյանքով։
Նայե՛նք մեր շուրջը. բոլոր մարդիկ, այսպես թե այնպես, նեղացած են, խաբված ու դժբախտ, ու մեր խնդիրն է օգնել` հաշվի չառնելով անձնավորությունը։ Չբաժանելով մարդկանց խմբերի, կուսակցությունների, դավանանքների` բոլորին հարկավոր է օգնել։ Մենք լույս աշխարհ ենք եկել, որպեսզի ողորմած լինենք, ինչպես ողորմած է մեր Երկնավոր Հայրը, Ով ուղարկում է անձրևը և՛ արդարներին, և՛ անարդարներին։ Եվ Քրիստոսը, ՈՒմ մենք հավատում ենք, եկավ ոչ թե դատելու, այլ փրկելու։ Օգնել մարդուն նշանակում է նրա քայլերն ուղղել դեպի փրկություն։ Եվ թող Աստված օգնի մեզ, որ մենք էլ կարողանանք օգնել բոլորին։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ